ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Բնավ չստվերելով «Ռեալի» հաղթանակը

Բնավ չստվերելով  «Ռեալի» հաղթանակը
06.06.2017 | 05:04

ԾԱՆՐ ԲԱՑՎԱԾ ՕՐ


Կիրակի առավոտս սկսվեց վեցամյա թոռնիկիս` «Պապիկ, ի՞նչ կապ կա ուրբաթի ու 13 թվի միջև, ինչո՞ւ են այն անվանում անիծված» հարցով: «Յուվենտուս»-«Ռեալ» խաղի պատճառով հարամված գիշեր ունեցածիս համար ձագուկիս հարցը բավական անսպասելի էր՝ որքան էլ վարժված եմ նրա բազմակողմանի հետաքրքրություններին, և, վախենամ գոնե սկզբնական փուլում, պատասխանիս մեջ այնքան էլ համոզիչ չեղա, ինչի համար պատժվեցի նրա ճշգրտող հարցերի մի ողջ շարանով. երեխան ուզում էր վերջնականապես համոզվել՝ արդյոք ճի՞շտ է ընկալել ասածս: Ահա այսպես սկսվեց երկուսիս համար ոչ միանշանակ մեկնարկած օրը՝ ինձ համար խոր հիասթափությամբ շաղախված, նրա համար՝ իմացության պաշարն ավելացնելու բնական ձգտումով: ՈՒ քանի որ ավագի իրավունքով հավասարապես պատասխանատվություն եմ կրում թե՛ իմ, թե՛ նրա իմացականի ու զգացողությունների համար, մեղավոր էի զգում մանչուկիս առաջ, քանզի նախօրեին ուրիշների համար այդ ուշ ժամին, իր համար ընդամենը սկիզբ առնող երեկոյին խաղից առաջ նստեցրել էի կողքիս «փառահեղ ֆուտբոլ է լինելու» պատճառաբանությամբ (մարդ էլ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը բաց թողնի) ու երեխային փաստորեն խաբել:

ԺԱՄԱՆԱԿՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿՀՍՏԱԿԵՑՆԻ


«Յուվենտուս»-«Ռեալ» կարդիֆյան դիմակայությունը, կարծում եմ, դեռ շատ մութ կողմեր հանի: Խորհրդային Միությունը լիներ կամ գոնե նրա կենսատու գաղափարախոսությունը, այս եզրափակչում եղածը հանգիստ կարելի կլիներ բացատրել միջազգային իմպերիալիզմի դավադրությունով, սակայն, հավատացեք, ժամանակը կգա ու, վայրկյան իսկ չեմ կասկածում, կիմանանք հարկավ, թե առաջին խաղակեսի կողքին այդ որտեղի՞ց ունեցանք երկրորդ խաղակեսի անատամ, դատապարտված «Յուվենտուս», որը երկրորդ, առավել ևս, երրորդ գոլը բաց թողնելուց հետո, ունենալով հանդիպման դեռևս ահռելի ժամանակահատված, ապրում էր ոչ թե եղածը շտկելու, խաղի մեջ բեկում մտցնելու գիտակցմամբ, այլ մրցավարի եզրափակիչ սուլոցը վայրկյան առաջ լսած լինելու տրամադրվածությամբ: Սա Չեմպիոնների լիգայի մրցավազքից «Բարսելոնին» համոզչորեն հանած ու տուն ուղարկած «Յուվենտո՞ւսն» էր:


Կասեք՝ մրցակի՞ցն էր ուրիշ:
Լավ մտածեք՝ իսկ մադրիդյան ակումբին, այն էլ նրա համար սրբություն սրբոց «Սանտյագո Բեռնաբեուում», անկյուն կանգնեցրածի անունը լսած լինելու վախը սրտներումդ չունե՞ք, եթե արդեն իսկ վերևի պարբերությունից գլխի չեք ընկել խոսքն ում մասին է, թե՞ առավոտ կանուխ առյուծի կաթ եք խմել ու Շենգեն ունեցողի վստահությամբ ազատ ֆռֆռում եք տան հնարավոր սենյակներով:
«Բարսելոնին» մենք դեռ կանդրադառնանք, ու դրան մեզ կպարտադրի կարդիֆյան եզրափակիչը, սակայն դեռևս շարունակենք մնալ, այսպես ասենք, թեմայի մեջ ու փորձենք հասկանալ, թե այդ ի՞նչ փոխակերպում եղավ «Յուվենտուսի» հետ, ու ինչու ամեն ինչ այդպես անփառունակ դասավորվեց թիմի համար:


Չեմպիոնական ոսկու համար ներքին առաջնությունում, կարծես, «ծեր սինյորան» չէ՜ր քրտնամխած մինչև վերջին վայրկյանը պայքարում, իսկ դառնալով Կարդիֆին, հանդիպմանը նախապատրաստվելու համար «Յուվենտուսը» մրցակցի հետ նույն ժամանակային միջակայքն ուներ: Իհարկե, եզրափակիչ խաղում «արքայականի» հաջողության մեջ միանգամայն իրավացիորեն նշվում է բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված նրա պահեստայինների երկար նստարանը, սակայն եկեք օբյեկտիվ դատենք՝ եզրափակչի օրը խաղադաշտ ելածների կազմը որակապես տարբերվո՞ւմ էր, ասենք թիմերի վերջին տասը հանդիպումներում խաղադաշտ ելածներից: Չեմ առարկում՝ հոգնությունը կուտակվում է ժամանակային անհամեմատ մեծ միջակայքում ու կարող է վրա հասնել միանգամից, սակայն այնչա՞փ միանգամից, որ խեղդվես տարվա գլխավոր խաղում:
Չգիտեմ, ինչ-որ չեմ հավատում:

«ԱՐՔԱՅԱԿԱՆԸ» ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ՀԱՄՈԶԻՉ ԷՐ


Այո, սկզբունքորեն մենք ունեցանք երկու տարբեր խաղակես:
Գուցե թե Մասիմիլիանո Ալեգրին իր հաշվարկներում վրիպեց, առաջինում թիմի ուժերն իսպառ մաշելով ու այդպես էլ համարժեք հատույց չստանալով, չստանալով հանդերձ, հուսախռով լինելով մարզիչ-թիմ փոխկապակցության մեջ, սակայն դա ոչ մի կերպ չէր կարող նշանակել այն աստիճանի բարոյալքում խաղի երկրորդ կեսում, որ գնդակին տիրելը դառնար հիվանդին այդպես էլ չհասցրած դեղի պես բան:


Ինչ վերաբերում է «Ռեալին», այն իր արքայական բարձունքում էր. անում էր` ինչ ուզում էր, ինչպես ուզում էր, ու ստիպված ենք խոստովանել, որ 4:1 հաշվով հաղթանակն ինչ-որ տեղ նրա հնարավորությունների սահմանային հաշիվը չէր: Ավելին, «Յուվենտուսը» պիտի փառք տա Աստծուն, որ այդքանով պրծավ: «Արքայականը» «ծեր սինյորային» հաղթեց հնարավոր բոլո՛ր չափորոշիչներով ու միանգամայն օբյեկտիվորեն պահպանեց Չեմպիոնների լիգայի հաղթողի տիտղոսը՝ որպես այդպիսին դառնալով Եվրոպայի առաջին թիմը: Այստեղ, իհարկե, կարող ենք ասել, որ «Յուվենտուսի» հետ խաղում «արքայականին» մեծագույն ծառայություն մատուցեց եզրափակիչ խաղերի մասնակցության ու, որ շատ ավելի կարևոր է, դրանցում հաղթական մրցելույթների մեծ փորձը: Պատահական չէ, որ, բնականաբար «Ռեալից» զատ, Եվրոպայում չկա մեկ այլ թիմ, որի հաղթանակներն այս հեղինակավոր խաղարկությունում հաշվվեն երկնիշ թվով: Ի դեպ, դրանք տասներկուսն են, ու, զարմանալի զուգադիպությամբ, «Յուվեի» հետ խաղում Քրիշտիանու Ռոնալդուի դուբլի երկրորդ գոլը նրա համար դարձավ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության 12-րդ գոլը:
Պարզ զուգադիպությո՞ւն է:


Հնարավոր է, ու հեշտությամբ ձեզ հետ կարելի է համաձայնել, եթե այն աստիճանի մոլորյալ լինենք, որ չհավատանք` ամեն ինչ «շինվում» է վերևներում:
4:1-ը բավականին խոշոր հաշիվ է, այն էլ` եզրափակիչ խաղի համար: Հարկավ այն շատ ավելի մեծ տեսակարար կշիռ կունենար, եթե ամբողջության մեջ «Յուվենտուսն» այդպես անփառունակ չձախողվեր վերջնահաշվում ողջ խաղարկության համար առավել տպավորիչ թողնելով մեկ ութերորդի «Բարսելոն»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունը: Մանրամասներում չխորանանք՝ 0:4-ով պարտությանը 6:1-ով պատասխանելու մասին ինձնից լավ գիտեք: Նման ապշեցուցիչ կերպով մեկ քառորդ ելած «Բարսելոնին» հաղթե՞լը գուցե եղավ Մասիմիլիանո Ալեգրիի թիմի պարտության հիմնական պատճառը Մադրիդի «Ռեալի» հետ գլխավոր եզրափակչում:
Չգիտեմ:


Անկեղծ եմ ասում: Չգիտեմ: Իսկ որ կարդիֆյան եզրափակիչը գոնե ինձ համար եղավ եզրափակչի ծաղր, սա արդեն թույլ տվեք քննության հարց չդարձնել, որովհետև, եթե անգամ փորձեք հակառակի մեջ համոզել, միևնույն է, ամեն մեկս մնալու է իր կարծիքին:

ԱՆԳԱՄ ԽԱՎԱՐԻ ՄԵՋ ԼՈՒՅՍ ԿԱ


Եվ, այնուամենայնիվ, խոսքս պիտի եզրափակեմ թոռանս համոզելու և Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նայել տալուն անդրադառնալով: Իր համար հստակեցնելով մրցող թիմերի անունները և իմանալով` ինչ երկրներ են ներկայացնում նրանք, ասաց. «Միևնույն է, ես Հայաստանն եմ սիրում» ու, անցնելով զինվորական քայլքի, սկսեց վանկարկել «Հա-յաս-տան, Հա-յաս-տան»՝ դիվադադար անելով գիշերային խոր քնի անցած տատին:
Չնայած հաջորդ օրը կայանալիք Հայաստան-Սենտ Քիթս և Նևիս մրցակցության ելքի առնչությամբ տարակարծություններ չունեի (հանդիպումն ավարտվել է մերոնց 5:0 հաշվով հաղթանակով), այդուհանդերձ մեջս վախ մտավ՝ մերոնք հանկարծ չվրիպե՞ն այդ դիմակայությունում, ու թոռնիկիս «Հա-յաս-տան, Հա-յաս-տան» վանկարկումները հնչեն որպես պարապ զնգոց:
Բարեբախտաբար, ամեն ինչ հաջող ընթացք ունեցավ, ու բնավ էլ նշանակություն չունի, որ Կարիբյան կղզուց եկածները կարծում էին, թե ֆուտբոլում վազելն առաջին անհրաժեշտություն չէ:


Այս խաղում, հաղթանակից զատ, հատկանշական ևս մի բան կա: Հարկավ մրցակիցների որոնման հարցով զբաղվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, և հազար փառք ու պատիվ նրան, որը այն, ինչ ժամանակին չկարողացավ անել Կոլումբոսը, արեց ինքը՝ ֆուտբոլային աշխարհի ու առհասարակ աշխարհի համար հայտնի դարձնելով Սենտ Քիթս և Նևիս երկիրն ու նրա բնակչությանը:


Եթե բանը այսպես շարունակի գնալ, աշխարհագրական հայտնագործությունների համար նրան վստահաբար կարելի է ներկայացնել եթե ոչ Նոբելյան, գոնե Միկլուխո Մակլայի անվան մրցանակի, ու, պատկերացրեք, բնավ էլ վատ չի լինի՝ ձախողվելով մեկում (մասնավորապես նկատի ունեմ հայկական ակումբային ֆուտբոլը), հաջողում ենք շատ ավելի գլոբալում:
Թույլ տվեք էլ չմասնավորեցնել, թե որն է այդ գլոբալը:


Իսկ ֆեդերացիայի նախագահի նախախաղյան մամլո ասուլիսին չարժե անդրադառնալ: Ամեն ինչ մնում է Հայաստանում բացառիկի արժեք ստացած բացառիկ անպատժելիության մակարդակում: Կարելի էր և այլ բնութագրումներ տալ, բայց մեկ է՝ ո՛չ կարմիր կովն է կաշին փոխելու, ո՛չ էլ դրանց համար կոչված օղակներն են տեղից շարժվելու:
Ենթավերնագրի հետ վերջին ասածներս չներդաշնակվեցի՞ն:
Համամիտ եմ ձեզ հետ:

Ընդ որում` ամբողջովին եմ համամիտ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ